Զատկական երգերի, ասիկների փաթեթ

Յալալի

Յալալի, ժամուն մեջը քներ եմ,
Յալալի, սուրբ նշանը տեսեր եմ:
Յալալի, տերն հարություն է առել,
Յալալի, հավը կարմիր է ածել,
Յալալի, Պողոսն երազ է տեսել,
Յալալի, Պողոս, երազդ ի բարի,
Յալալի, շնորհավոր Նոր տարի,
Յալալի, Նոր տարի ու նոր բարի;

Յալալի, աղբերս ուր է, ուր է,
Յալալի, պառկել բախչան, ի քուն է,
Յալալի, նխշուն բարձը գլխուն է,
Յալալի, ջուր վերևոքն անցել է,
Յալալի, նխշուն բարձը թրջել է,
Յալալի, աղբորս քնից հանել է,
Յալալի, աղբեր, ելի էդ քնից,
Յալալի, գինի խմի էդ գավից:

Զնկլիկ

Զնկլիկ, օրոճ եմ շարե,
Զնկլիկ, գոտիս եմ կարե,
Զնկլիկ, պատը ծագեցին,
Զնկլիկ, հարսին հանեցին:


Տարան, թող տանին, Զատկին կբերեն,
Տարան, թող տանին, Զատկին կբերեն:


Հարսին հանին քողերով,
Զնկլիկ, կարմիր սոլերով,
Զնկլիկ, նախշուն թաթերով,
Զնկլիկ, դեղին մոմերով:


Տարան, թող տանին, Զատկին կբերեն,
Տարան, թող տանին, Զատկին կբերեն:

Զարկ բոլոճիկ

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ: — 2անգամ
Ճաշիկ, դու պաղի,
Սարակ դու քաղի:
Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ: — 2անգամ
Զատկե զատիկ է,
Նավակատիկ է:
Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ: — 2անգամ
Զատկե զատիկ է,
Չամչե հատիկ է:
Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ: — 2անգամ
Զատկի ձուն ներկի,
Դրկիցին տվի:
Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ: — 2անգամ

Կարկաչա

Կրկնակ. Կարկաչա, կարկաչա,
Կարին կաչա, կարկաչա:


Կարմիր կովեն կաթ կուզեմ,
Կարմիր կովեն եղ կուզեմ,
Սև հավեն էլ հավկիթ կուզեմ,
Կարմիր հավկիթ ներկել կուզեմ:


Կրկնակ. Կարկաչա, կարկաչա,
Կարին կաչա, կարկաչա:


Կարմիր հավկիթ դուրս բերեք,
Թուխ հավի հավկիթ բերեք,
Ով որ կտա, թող շեն մնա,
Ով որ չտա՝ չոր չորանա:


Կրկնակ. Կարկաչա, կարկաչա,
Կարին կաչա, կարկաչա:


Ով որ չտա իմ հավկիթներ,
Մուկն ու կատուն՝ իրենց թթուն,
Ով որ ընձի հավկիթ կտա,
Աստված նրան հազար թող տա:


Կրկնակ. Կարկաչա, կարկաչա,
Կարին կաչա, կարկաչա:

Օր պար, ճոր պար

Օր պար, ճոր պար,
Ոսկե գնդին բարեբար,
Մեծ պա՛պ, արի գողտուկ տա՛ր,
Շատ պզտիկ է, չէ՛, չենք տա:


Ճոր անենք, ճոր պար անենք,
Ոսկե թախտին պար անենք,
Զատկին մենք նոր շոր կարենք,
Սա էլ մաշվի՝ նորն անենք:

Խնկի ծառ


Խնկի ծառը ծաղկել է,
Համոն տակը քնել է,
Խնկի ծառ, խնկի ծառ,
Խնկի ծառը Աստծո գառ:


Մեր դռանը խնկի ծառ,
Նախշուն բլբուլ վրեն թառ,
Խնկի ծառ, խնկի ծառ,
Խնկի ծառը Աստծո գառ:

Զատկական ասիկներ

Կարմիր արև քեզ, ախպեր,

Աստծու բարև քեզ, ախպեր:

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:

Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:

Տի~զ- տի~զ, Ակլատիզ, Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ:

Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:

Դռան առաջ հերկեցինք,

Զատկի ձվեր ներկեցինք,

Դրկցին ողջույն տվեցինք:

Լուսնյակն անուշ, հովն անուշ,

Հում կաթի պաղ սերն անուշ:

Մարիա՛մ խաթուն,

Մարիա՛մ խաթուն,

Իջի մեր տուն, իջի մեր տուն,

Ես քեզ կտամ նուշի կթոն /միջուկ/:

Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:

Զատիկն առանց ձվի չի լինի:

Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

Քրիստոս հարեաւ ի մեռելոց:

Օրհնեալ է հարութիւնն Քրիստոսի:

Оставьте комментарий